Քարահունջ

Քարահունջ, նախապատմական մեգալիթյան կառույց, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ՝ Մ 2 ճանապարհի հարևանությամբ։ 2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան: Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան: Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է: Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև։

Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։ Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Կան նաև կոտրված քարեր։ Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացվել և տեղափոխվել են հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով։ Իսկ աստղադիտարանում բացվել են քարերի անցքերը ու պատրաստվել աստղագիտական գործիքները։