Երևույթների մասին

ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ

Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։
Երկիրը հանգչում է ցուլի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։ Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Նա շարունակ հետապնդում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մի փոքրիկ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։ Լևիաթանի գլխին մի մեծ ադամանդ կա, որ գիշեր-ցերեկ լույս է տալիս։ Երբ նա ջրի մեջ շարժումներ է անում, գլխի ադամանդի շողերը փայլատակում են աշխարհի տարբեր կողմերում։
 * Լևիաթան — Աստվածաշնչում կամ հին հրեական ավանդության մեջ՝ ծովային վիթխարի հրեշ, վիշապ։

Արև և Լուսին
Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

ԱՍՏՂԵՐ

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

Ծիր-կաթին աստղաբույլը կոչվում է նաև Հարդագողի կամ Դարմանագողի ճանապարհ։ Մի խիստ ձմեռ Վահագն աստվածը ասորեստանցիների նախնի Բարշամից հարդ է գողանում, և Ծիր կաթինը այդ գողացված հարդի հետքն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *