Տորք Անգեղի հուշարձան

Տորք Անգեղ Հայ առասպելության մեջ Աստված կամ դյուցազն Հայկի ծոռը:

Ազգային ավանդության համաձայն, Տորքը Հայոց նախարարություններից մեկի նախահայրն էր: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, նա Հայկի սերնդից էր, Պասքամի զավակը և Հայկակի թոռը: Տորք Անգեղը բարձրահասակ, կոպիտ արտաքինով, վիթխարի ուժի տեր հսկա էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են անվանել: Նա ձեռքերով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դրանց վրա արծիվներ է քանդակել: Պոնտոսի (Սև ծով) ափին հարձակվել է թշնամու նավերի վրա, բլրաչափ ժայռեր է պոկել, նետել նրանց հետևից և առաջացած ալեկոծումից նավերը խորտակվել են կամ մղվել հեռուները:

Տորք Անգեղի արձանը դրվել է 1982թ. Նոր Նորքի 2-րդ զանգվածում, բլրի վրա: Արձանի նյութը կոփածո պղինձ է, բարձրությունը՝ 4.8 մ, քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան, դրվագող՝ Ներսես Չարխչյան:

Նախատեսված էր արձանի մոտակայքում գտնվող ձորակը վերածել արհեստական լճի՝ ի նշան առասպելում հիշատակվող ծովի, ուր Տորքը պատրաստվում էր շպրտել հսկա ժայռաբեկորը՝ փախչող թշնամու նավերը խորտակելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *