Ասում են, որ այն ժամանակներից, երբ ցամաքեցին Համաշխարհային ջրհեղեղի ջրերը, առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա՝ հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք: Այդ ձյունատեղումից անցել է ոչ պակաս, քան չորս հազար հինգ հարյուր տարի: Այդ օրերին Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա:Դա առաջին անգամն էր, որ ձյունը սարի վրա չհալեց: Եվ գագաթներից իջած ցուրտը հարձակվեց դաշտերի ու այգիների վրա: Թորգոմը որպեսզի ինչ-որ մրգատեսակի ծառ փրկի, արմատահան արեց մի ծիրանի ծառ ու տարավ այն իր տունը: Նույն բանն արեցին դաշտավայրի բնակիչները:
Իսկ շուտով պիտի նոր տարի գար: Հեթանոսական ժամանակաշրջանում հայ ժողովուրդը տոնում էր Նոր տարին գարնան սկզբին:Եվ հնչեցին որոտաձայն թմբուկները, ազդարարելով, որ սկսվում են ամանորի տոնակատարությունները: Դաշտավայրի բնակիչները դուրս եկան իրենց տներից փողոցներն ու սկսեցին շնորհավորել միմյանց՝ նոր տարվա առթիվ բերած կարասներից իրար գինի հրամցնել, կենացներ ասել ու ցանկանալ իրար առողջություն, հաջողություն ու եկող Նոր տարում այնպիսի մի խաղողի բերք ստանալ, որ նրանից պատրաստած գինին լինի ավելի համեղ ու բուրավետ: Շուտով նրանք հարբեցին ու սկսեցին պարել: Ինչ-որ մեկը տնից դուրս բերեց ծիրանի ծառը, և նրա շուրջը սկսվեց շուրջպարը:Հաջորդ տարի գարունն այդքան ցուրտ չէր: Բայց մարդիկ, այնուամենայնիվ, իրենց այգիներից ծառեր դուրս բերեցին ու զարդարեցին։ Գալող տարի ծիսակատարությունները ավելի ճոխացան: Եվ այդպես շարունակվեց, ու այդ ավանդույթը փոխանցվեց սերնդից սերունդ: Այդ ժամանակվանից բոլոր հայկական ընտանիքներում Նոր տարին տոնում են տան մեջ զարդարված կանաչ ծառի կամ կանաչ ճյուղի պարտադիր ներկայությամբ: Այդպիսի Ամանորի ծառը սկսվեց կոչվել «տոնածառ» կամ «տոնական ծառ»: Եվ մինչև այսօր էլ Հայաստանում Ամանորի զարդարված եղևնին կոչվում է «տոնածառ»:
Ծիրան բառը հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ, այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է պետական և արքայական իմաստ: Ծիրանանալ հայոց լեզվում նշանակում է թագավոր դառնալ, թագադրվել, արքայանալ: Իսկ ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում է արքայազն, թագավորից ծնված: Ծիրանակիր բառը, նշանակում է արքա և ծիրանի գոտի, որը նշանակում է երկնքի յոթ կամար կամ ծիածան:
Արաբները ծիրանն անվանում են թուֆալ ալ Արմանի: Հին ազգերը Հայաստանն անվանում են աստվածների երկիր, որտեղ վեր է խոյանում Տիեզերական լեռը՝ Արարատը, և աճում է Տիեզերական ծառը՝ ծիրանենին:
Եվ վերջում ավելացնենք, որ հայկական մրգերից միայն ծիրանն է երկու մասի բաժանվում հեշտությամբ, և միայն ծիրանի փայտից են պատրաստում ծիրանափողը՝ դուդուկը, որով նվագում են աստվածային երաժշտություն: