Կոմիտասի մասին

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։